Կոմիտասի արձանի մասին

1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ 2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c’est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից։Հուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ` «Երևան» պուրակում։
Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *